Սիսիանի ոստիկանության պետի պաշտոնակատարի գործողություններում հանցակազմը բացակայում է։ Նման եզրահանգման է եկել ՀՔԾ-ն՝ որոշելով Սիսիանի պաշտոնակատարի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործը կարճել։

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ ապրիլի 7-ին Սիսիանում ոստիկանների և քաղաքացիների միջև արձանագրված միջադեպի առթիվ հարուցված երեք քրեական գործերից երկուսի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հովհաննիսյանի խոսքով ՝ «Սիսիանի ոստիկանության պետի պաշտոնակատարն այնքան մարդասեր է, որ չի ցանկանում նախաձեռնել հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ սուտ մատնության դեպքով քրեական գործ հարուցելու ընթացակարգ՝ ընդունելով, որ նրանք բարեխղճորեն մոլորված են եղել հաղորդում ներկայացնելիս և ընդամենը հանդիսացել են այլ անձի պլանավորած մեծ խաղի մի մասնիկ»։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի 7-ին Սիսիանում ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Վիճաբանությունը ծագել էր, երբ Սիսիան համայնքի երկու բնակիչներ Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում, ըստ ոստիկանության, խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին: Վերջիններիս հարազատներն իմանալով այդ մասին հավաքվել են ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց, որտեղ առաջացած վիճաբանությունից հետո մի քանի քաղաքացի հայտարարել են, որ իրենց նկատմամբ ոստիկանության աշխատողները բռնություն են գործադրել, համացանցում հայտնվեցին նաեւ ծեծված տարեց բնակչի լուսանկարը։ Միջադեպին հաջորդեցին հանցագործության մասին հաղորդումները՝ ոստիկանության բաժնում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։

Միջադեպի առթիվ հարուցվել է երեք քրեական գործ, մեկը՝ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, եւս 2-ը՝ ՀՔԾ-ում։ Ընդ որում՝ ՀՔԾ-ում քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, իսկ մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար և ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշտանգման համար: Նշենք, որ երկրորդ քրեական գործը հարուցվել էր Սիսիանի բնակիչ Գառնիկ պապի հաղորդման հիման վրա:

Պաշտպանական կողմը գտնում է, որ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ նրա կողմից ձեռնարկվող քայլերի հետ։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում