2005 թվականի ապրիլի 11-ին, զորամասում, հրազենային երկու վնասվածքներով սպանվել էր ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանը, սակայն հանցագործությունը չէր բացայտվել և գործով վարույթը կասեցվել էր։ Շուրջ 17 տարի զոհված զինծառայողի մայր Գյուլվարդ Աղաջանյանը մի քանի հատոր դիմում-բողոքներ է ներկայացրել տարբեր ատյաններ, սակայն դրանք անարձագանք են մնացել։ 2018 թվականից «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Վահան Հովհաննիսյանը ստանձնելով տուժողի շահերի պաշտպանությունը, հաղորդում է ներկայացրել՝ գործը քննող քննիչի կողմից հանցագործության կատարման վերաբերյալ։ Ներկայացված հաղորդման արդյունքում  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ 2005 թվականի գործը քննող քննիչ ՍՀ-ի կողմից գործի ելքի համար առանցքային նշանակություն ունեցող որոշումներից մեկը կայացվել է հանցագործության արդյունքում։  Այնուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը, չանսալով տուժող կողմի բազում միջնորդություններին և բողոքներին, քննիչի կողմից կատարված հանցագործությունը չի դիտարկել որպես նոր երևան եկած հանգամանքով պայմանավորված վարույթ հարուցելու հիմք։  Շուրջ 2 տարի տևած բողոքարկումներից հետո միայն՝ 27.01.2022 թվականին ստացվել է Վերաքննիչ քրեական դատարանի 26.11.2021 թվականին կայացված որոշումը, / նախագահող դատավոր ՎՌշտունի /, համաձայն որի դատարանը բավարարել է դիմող Գյուլվարդ Աղաջանյանի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը։ Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանվել և փոփոխվել է, իսկ վարույթն իրականացնող մարմնին դատարանը պարտավորեցրել է վերացնել տուժողի իրավուքների խախտումը։