Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել և հռչակել է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Էդուարդ և Էդգար Սրքոյան եղբայրների անմեղությունը: Դատավարությունը տեւել է շուրջ 2 տարի 7 ամիս, դատարանում եղբայրների շահերի պաշտպանությունն իրականացրել են «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները: Միջադեպը, որի համար նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել 5 անձի, տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 26-ին՝ Լիճք գյուղի բենզալցակայանի մոտ: Ըստ մեղադրական եզրակացության` մի խումբ անձինք 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59,08 կմ հատվածում գտնվող՝ հասարակական նշանակության վայր հանդիսացող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկաման կետերի տարածք, որտեղ հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին և Միշա Խաչատրյանին: Խմբի կազմում խուլիգանություն կատարելու նպատակով Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել է Արայիկ Իրիցյանին և հայհոյել, հեգնական տոնով հարցրել վերջինիս եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրը և պահանջել է կանչել նրան: Ապա նրանց է մոտեցել Արիստակես Բարսեղյանը և բռունցքով հարվածել Արայիկ Իրիցյանի քթին: Միջադեպի ժամանակ որպես զենք օգտագործվող մահակով հարված է հասցվել նաեւ Արայիկ Իրիցյանի գլխի ծոծրակային մասին` պատճառելով արյունազեղում, այնուհետև ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցվել նրա մարմնի տարբեր մասերին և բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորել հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող Համբարձում Հովսեփյանի և Միշա Խաչատրյանի միջամտությանը: Նրանց գործողությունների հետեւանքով խաթարվել է բենզալցակայանի, սննդի և տեխսպասարկման կետերի բնականոն աշխատանքը: Նշված միջադեպին մասնակցելու համար նախաքննական մարմինն ընդհանուր առմամբ մեղադրանք էր առաջադրել 5 անձի, որոնց թվում նաեւ Սրքոյան եղբայրներին: