Ըստ մեղադրանքի՝ Վաչիկ Զաքարյանը 2017թ հունվարի 22-ին առանց սահմանված փաստաթղթերի անհայտ պայմաններում իր անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագրում տեղավորված թիվ 53 համարի կեղծ շտամպի դրոշմի օգտագործմամբ Բագրատաշեն սահմանային անցակետով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Դատաքննության ընթացքում մեղադրողը հիմնավոր էր համարել Վ․Զաքարյանին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը և միջնորդել նրան դատապարտել: «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների կողմից հիմնավորվել էր հանցանքում Վ․Զաքարյանի մեղքի բացակայությունը։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, արդարացրել է պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Վաչիկ Զաքարյանին:

Նույն քրեական գործով նախաքննության ընթացքում Վաչիկ Զաքարյանին մեղադրանք է առաջադրված եղել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել), սակայն դեռևս մինչդատական վարույթում այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել էր: Վ․Զաքարյանը հետախուզման մեջ էր գտնվում վեց տարի, խափանման միջոց էր կիրառված կալանքը։