«ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները նախաձեռնում են գործընթաց՝ հասնելու կորոնավիրուսից տուժած անձանց  պատճառված նյութական և ոչ նյութական վնասների հատուցմանը։ Ասուլիսում ասաց «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Սյուզաննա Խչեյանը։

«Համապատասխան իրավական պահանջ կամ հայց կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ իրավասու պետական մարմնի կողմից  կկայացվի  համապատասխան որոշում։

«Կորոնավիրուսի  հետևանքների  և այդ ոլորտում թույլ տրված խախտումների կամ  բացթողումների առկայության վերաբերյալ որոշումը հիմք կհանդիսանա, որպեսզի  մենք խախտված իրավունքների  վերականգնման համար  դրամական փոխհատուցման պահանջ ներկայացնենք համապատասխան մարմիններին»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ նման պահանջ կարող են ներկայացնել, երբ ունենան քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի  կողմից հաստատված  այն որոշումը, որ պետական կամ տեղական ինքնակառավարման  մարմնի  կամ դրա պաշտոնատար անձի որոշմամբ,  գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են անձանց՝ Հայաստանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և  հիմնարար ազատությունների  պաշտպանության կոնվենցիայով երաշխավորված  հետևյալ հիմնարար իրավունքները՝  կյանքի իրավունքը և իրավական  պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը»,- ասաց Սյուզաննա Խչեյանը։

Նա նշեց, որ իրենց գրասենյակ  դիմած  վստահորդների հայտնած տեղեկություններից ու տրամադրած  փաստաթղթերից իրենց պարզ է դարձել, որ պետական մարմինները թերացել են  իրենց  վրա պարտականությունների կատարման հարցում կամ առհասարակ լավ չեն կատարել։

Փաստաբանի խոսքով, իրենց ստացած տեղեկություններն ու փաստերը վկայում են այն մասին, որ արտակարգ դրության ժամանակ  իրավական ռեժիմը ապահովող միջոցառումներն իրականացնելիս պետական մարմինները կամ դրանց աշխատակիցներն իրենց գործառույթները և պարտականությունները ոչ պատշաճ ձևով են կատարել։

«Մեզ դիմած անձիք նշում են, որ  իրենց կողմից կատարվել են ծախսեր, սակայն պետության կողմից  ընտանիքներին որևէ  փոխհատուցում չի տրվել, ինքնամեկուսացման մեջ գտնվող և  ինքնամեկուսացման ողջ  ժամանակահատվածում որևէ աջակցություն չի տրվել անձանց, և եթե չլինեին հարազատները, հարևանները, իրենց խոսքով, կարող էին սովից մահանալ։ Մեր վստահորդները պնդում են, որ ինքնամեկուսացման ողջ ընթացքում պետական  կառույցներից նրանց ուղղակի զանգահարել, ճշտել են, թե արդյոք պահպանել են սահմանված  արգելքները։

Մեր գրասենյակն արձանագրել է  դեպք, երբ կորոնավիրուսից մահացած անձի 7 հոգանոց ընտանիքի անդմաներից թեստավորել են ընդամենը երկուսին, որոնց մոտ հայտնաբերվել է  կորոնավիրուս։ Ընտանիքը, ներառյալ կորոնավիրուսով հիվանդները, ինքնամեկուսացել են, 14 օր  բնակարանից դուրս չեն եկել։ Սակայն այս ընթացքում որևէ բուժհաստատությունից կամ պոլիկլինիկայից  անգամ չեն այցելել նրանց, հեռախոսով բուժման հետ կապված որևէ գործողություն չեն կատարել։ Մարդիկ ինքնաբուժությամբ են զբաղվել։ Սննդի հարցը լուծվել է իրենց նյութական միջոցերի հաշվին հարազատների միջոցով։ Թեև պարետատնից զանգել ու հարցրել են, թե արդյոք սննդի հարց ունեն, պատասախանել են, որ ունեն, սակայն որևէ աջակցություն չեն ստացել»,- դեպքերը ներկայացրեց փաստաբանը։

Ասուլիսին ներկա «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որն արդեն նշել էր, որ  կորոնավիրուսից  մահվան հանգամանքների հետաքննությունը պետության պարտականությունն է,  իսկ պետությունն այդ պարտականությունը  չիրականացնելով՝ խախտում է և խախտել է անձանց կյանքի իրավունքը, ընդգծեց, որ պետությունը սոցիալական առումով իր պարտականությունները նույնպես  չի կատարել։

Աղբյուր` Panorama.am

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում