Վճռաբեկ դատարանը հակասում է իր իսկ կայացրած նախադեպային որոշումներին, Վճռաբեկ դատարանի աշխատանքը բոյկոտելու հարցը կքննարկվի ՀՀ փաստաբանների պալատում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Դժգոհության հերթական պատճառը դարձել է ՀՀ ՊԵԿ Արմավիրի մարզային ստորաբաժանման աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը։
Մասնավորապես, սույն քրեական գործով նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ որպես ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշման դեմ, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին, որը, ուսումնասիրելով նյութերը և համոզվելով, որ դրանցում առկա չեն հիմնավոր կասկածի մասին փաստող ապացույցներ, բավարարել էր պաշտպանների բողոքը՝ բեկանելով դատարանի որոշումը, ինչից հետո մեղադրյալն ազատ էր արձակվել։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ է ընդունվել և բավարարվել։ Պաշտպանը երեկ ստացել է Վճռաբեկ դատարանի որոշումը, որով դատարանը հակասել է իր կողմից կայացված երկու նախադեպային որոշումների։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը Գ․Դուրյանի գործով 2015 թ հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 և Գ․Գալստյանի գործով 2017թ հունիսի 22-ի թիվ ՇԴ/0182/06/16 նախադեպային որոշումներով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկել առաջին ատյանի դատարանում ներկայացված նյութերի շրջանակներում և արդյունքում կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումներից մեկը։
«Այսինքն, վերաքննիչ բողոքի շրջանակներում ՀՀ վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ առաջին ատյանում քննիչի կողմից ներկայացված նյութերի շրջանակներից։ Վերաքննիչ դատարանը գործը քննում է միայն առաջին ատյանում ներկայացված նյութերի համատեքստում և իրավունք չունի պահանջել քննիչի միջնորդությունը հիմնավորող այլ նյութեր, մինչդեռ երեկ ստացվել է վճռաբեկ դատարանի որոշումը, որով վճռաբեկ դատարանը, հակասելով նույն վճռաբեկ դատարանի նախադեպային երկու որոշումներին, արդեն արձանագրել է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը իրավունք ունի նախաքննական մարմնի պահանջել անհրաժեշտ բոլոր նյութերը, որոնք ներկայացված չեն եղել առաջին ատյանի դատարանում։ Վճռաբեկ դատարանի այս որոշման համաձայն այսուհետ վերադաս դատարանները իրավասու են լինելու քննիչի միջնորդությունը հիմնավորելու համար նրանից պահանջել համապատասխան նյութեր և այդ համատեքստում մերժել պաշտպանական կողմի ցանկացած բողոք»,- նշեց Հովհաննիսյանը։
Փաստաբանի խոսքով՝ եթե քննիչն առաջին ատյանի դատարանում միջնորդությունը ներկայացնելիս չի ունեցել հիմնավոր կասկածի մասին փաստող ապացույցներ, կամ իր անփութության հետևանքով դրանք չի ներկայացրել դատարան, իսկ դատարանը այդ պայմաններում բավարարել է միջնորդությունը, ապա վերադաս դատարաններն արդեն չեն կարող բեկանել դատական ակտը, այլ պարտավոր են քննիչից պահանջել այդ պակասող նյութերը։ Պաշտպանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարությամբ ամրագրված առանցքային սկզբունքներին, ուստի նախաձեռնել է քննարկում փաստաբանների պալատում՝ բոյկոտելու վճռաբեկ դատարանի աշխատանքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո
Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում