«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող յուրաքանչյուր տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարին համարժեք 500 հազար դրամական պարգև: Այդ մասին Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նման դրամական պարգև կարող են ակնկալել նաև պետական և ոչ պետական հիմնարկների այն աշխատակիցները ևս, որոնք կնկարեն այդ հիմնակի ղեկավարության՝ քաղաքացիների ընտրական կամքի վրա ազդելու փորձերը:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց՝ իրավական առումով դժվար է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
«Նրա յուրաքանչյուր խոսքում, յուրաքանչյուր ելույթում քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված հանցակազմի առնվազն մեկ հատկանիշ է առկա»,- ասաց նա։
Փատաբանը նշեց, որ կաշառք ստանալու համար գումար առաջարկելու մասին քրեական օրենսդրությամբ նախատեսված նորմ չկա։
Վահան Հովհաննիսյանը հարցրեց՝ այդ գումարը որտեղի՞ց է տրամադրվելու քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանի գրպանի՞ց, թե՞ պետական բյուջեից։
«Հնարավոր չէ, որ այդ գումարն ինքն իր գրպանից տա, իսկ, եթե տրվելու է պետական բյուջեից, ապա ինչի՞ անվան տակ է տրամադրվելու, որպես ի՞նչ։ Այնքան աբսուրդ է, որ անգամ գնահատական տալ չարժի»,- նշեց նա։
Ըստ փաստաբանի՝ եթե դա օրինական վարձատրություն չէ, ապա կարելի է համարել կաշառքի ձևերից մեկը։
Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում