Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Արսեն Միքաելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն)։ Ա․Միքաելյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։ Նախաքննության սկզբնական փուլում ներգրավված էր եղել այլ պաշտպան։ Պաշտպանի փոփոխության և «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների ներգրավումից հետո, գործի ընթացքն արմատապես փոխվեց։ Պաշտպանական կողմի միջնորդությամբ Ա․Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց և շուրջ չորս ամիս արգելանքի տակ գտնվելուց հետո Ա․Միքայելյանն ազատ արձակվեց: Հետագա նախաքննության ընթացքում, քննչական մարմինն ընդունեց պաշտպանական կողմի հիմնավորումները և Ա․Միքաելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Արդարացվածի կարգավիճակ ձեռք բերելուց հետո, արդարացվածին պատճառված վնասը փոխհատուցելու հայց էր ներկայացվել դատարան։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Ա․Միքայելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով, ամբողջությամբ բավարարելով «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի հայցը, վճռել է փոխհատուցել արդարացվածին պատճառված վնասը և ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 2,600,000 ՀՀ դրամ։