Պետք չէ անհանգստանալ նոր օրենքի համար, որը  ՀՀ ոստիկանությանն իրավունք վերապահեց օպերատիվ–հետախուզական աշխատանքների շրջանակում գաղտնալսում կատարել առանց հատուկ թույլտվություն ստանալու, նշում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, եթե իհարկե․․․

«Եթե փոփոխությունը արված չէ նրա համար, որ մեր երկիրը դառնա ուստիկանապետություն, կամ չկա լատենտ նպատակ տոտալ գաղտնալսումներ իրականացնելու, ուրեմն չկա նաև խնդիր, չնայած վերջին իրադարձությունները հակառակն են ապացուցում»,-ասում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա անդրադառնում է նաեւ Փաստաբանների պալատի մի քանի օր առաջվա հայտարարությանը, որով  դատապարտվում էր  փաստաբանի եւ վստահորդների միջեւ խոսակցության անթույլատրելի գաղտնալսումը։ Պալատը հորդորել էր անհապաղ ոչնչացնել  դրանք։

 «Այն օրենքի կոպիտ խախտում է և առավել կոպտագույն խախտում է այն չոչնչացնելն ու հրապարակելը, ինչը հիմք է տալիս կարծելու, որ պետությունն ունի մասսայական գաղտնալսումներ կատարելու լատենտ նպատակ»,- ասում է Վահան Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Քրեական ենթամշակույթի դեմ  պայքարի օրենքին՝ փաստաբանը նշում է, որ առկա են բազմաթիվ իրավական անորոշություններ։

 «Ի՞նչ է նշանակում վարքագծի հատուկ կանոններ, չկա ոչ մի հստակ բացատրություն, օրենսգիրք են թափանցել այնպիսի տերմիններ, որոնք փիլիսոփայության կամ հավանաբար հոգեբանության ոլորտից են»,- նշում է Վահան Հովհաննիսյանը և ավելացնում, որ պատրաստ է անվճար իրականացնել այն անձի պաշտպանությունը, ում առաջինը մեղադրանք կառաջադրվի այս հոդվածով։

«Օրենսդիրը օրենքի այս փոփոխությունները ընդունելիս իրեն հարց տվե՞լ է, թե ինչու՞ քաղաքացին, իրավապահ մարմիններին կամ պետական այլ ինստիտուտներին դիմելու փոխարեն, դիմում է քրեական միջավայրին հարող անձանց, պատասխանն այն է, որ այդ ինստիտուտները դեռևս այնքան անկատար են, որ մարդկանց հավատ չեն ներշնչում»,- նշում է փաստաբանը՝  եզրափակելով, որ կրկին պետությունը պատճառների փոխարեն պայքարում է հետևանքների դեմ։

Play Video

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում