Շուրջ 1.5 տարի է, ինչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսի հետևանքով ունենում ենք մահվան դեպքեր, երբեմն՝ օրական 30 և ավելի դեպք: Սակայն մի շարք դեպքերում հիվանդների մահը կասկածներ է առաջացրել նրանց հարազատների մոտ, նրանք պատշաճ իրազեկում չեն ունեցել, անգամ՝ մահվան վկայականներում հստակ նշված չի եղել, որ անձը մահացել է կորոնավիրուսից, իսկ իրավապահ մարմինները քննություն չեն իրականացրել՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ դեռևս մեկ տարի առաջ փաստաբան Վահան Հովյաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացել՝ պահանջելով քրեական գործ հարուցել, սակայն, պարզվում է՝ հաղորդումը ներկայացնելուց շուրջ մեկ տարի անց որևէ մեկը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել, անգամ նորմալ քննություն չի իրականացվել ու նախաքննական մարմինը փորձում է այն ծածկադմփոց անել:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու խումբ հաղորդում է ներկայացվել, որոնցից մեկը վերաբերում էր բժշկական սպասարկում իրականացնող անձանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելուն, ինչի հետևանքով՝ կորոնավիրուսի արդյունքում մարդկանց պատճառվել էր մահ։ Նշված դրվագներով հարուցվել է մեկ տասնյակից ավել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, որի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ և գործերի վարույթները կասեցվել են՝ մինչև փորձաքննությունների եզրակացություններ ստանալը։ Ըստ նրա` որոշ քրեական գործերով չի բացառվում, որ անհրաժեշտություն առաջանա արտաշիրիմում կատարելու, քանի որ այդ ժամանակ դիահերձում չէր իրականացվում։

Երկրորդ խումբ հաղորդումները վերաբերում են պետական իշխանությունների անգործությանը, որոնց որևէ ընթացք չի տրվել։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ բարձրացվել էր այն հանգամանքը, որ և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, և՛ միջազգային կոնվենցիաներն արձանագրել են, որ մի շարք դեպքերում պետությունը պարտավոր է իրականացնել կասկածելի մահվան դեպքերի հետաքննություն և նախաքննություն։ Փաստաբանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած մահերը կասկածելի հանգամանքներում մահվան հանգամանքներ էին, քանի որ մահացածների հարազատները հաղորդումներ էին ներկայացրել, որ չեն հավատում բժշկական եզրակացություններին և այն փաստական հանգամանքներին, որոնք իրենց հրամցվում են բուժսպասարկողների կողմից, ուստի, այդ պարագայում պետության պոզիտիվ պարտականությունն է հետաքննություն իրականացնելու և պարզելու մահվան հանգամանքները։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ պետությունը պարտավոր էր առնվազն մի քանի գործողություններ իրականացներ՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, անձանց հարցաքննություններ և դիահերձում, մինչդեռ կորոնավիրուսից մահվան դեպքերով պետությունը 2020թ ընդհանրապես հետաքննություն չի իրականացրել, ինչն առավել քան տարօրինակ էր։

«Անգամ տնային պայմաններում հանկարծամահության պարագայում պետությունն իր այդ հետաքննչական ֆունկցիաներն իրականացնում էր, սակայն, եթե մահը տեղի էր ունենում, ըստ պաշտոնական վարկածի, կորոնավիրուսի հետևանքով, տարօրինակ հանգամանքներում մահը ոստիկանությունում չէր գրանցվվում, դրանով ոստիկանները դեպքի վայր չէին մեկնում և համապատասխան նյութերի նախապատրաստում տեղի չէր ունենում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա ողջ ՀՀ-ում համընդհանուր բնույթ էր կրում, հետևաբար ողջամտորեն ենթադրել են, որ կորոնավիրուսով հետաքննություն չիրականացնելը պետական իշխանության բարձրագույն օղակների կողմից իջեցված հրաման է, ինչի իրավունքը չունեին։

Պետության կողմից իր պոզիտիվ պարտականությունն առերևույթ չկատարելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, որին, սակայն ընթացք չէր տրվել։

«Ոչ միայն ընթացք չէր տրվել, հարկ չէին համարել մեզ անգամ գրությամբ պատասխանել, այլև՝ ընդհանուր իրավասության դատարանում պարզ դարձավ, որ հսկող դատախազն անգամ չգիտի, թե մեր կողմից ներկայացված հաղորդումը ներկայումս որտեղ է գտնվում։ Այսինքն՝ հաղորդումը պարզապես անհետացել էր»,-նշեց Հովհաննիսյանը։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու և իրավապահների անգործության դեմ բողոք էր ներկայացվել դատարան, որը դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից մերժվել է։ Փաստաբան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը գտնվում է դատավոր Լուսինե Աբգարյանի վարույթում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում