Վերջին օրինագծերով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը կցել նորաստեղծ ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ըստ փաստաբանի՝ կառույցների միացման միակ նպատակը միգրացիոն ծառայության համակարգված վերահսկման միջոցով ՌԴ շահերի սպասարկումն է։

 

Հովհաննիսյանը կոնկրետ օրինակ բերեց, մասնավորապես, ՌԴ-ում առերևույթ հանցագործություն կատարած անձը վերադարձել է ՀՀ և վկայակոչելով ՌԴ իրավապահ մարմինների կողմից, ազգային պատկանելիության հիմքով, իր նկատմամբ կատարված ոտնձգությունները, դիմել է ապաստան հայցելու խնդրանքով։

«ՀՀ-ում ձերբակալման պահին անձին պետք տրվի է ծանուցագիր, որում նշվում է, որ անձը ապաստանի խնդրանքով կարող է դիմել 15 օրյա ժամկետում։ Սակայն, հիշյալ ծանուցագիրը կազմվում է անձի բացակայությամբ, հետևաբար ձերբակալվածը չի կարող ծանոթանալ դրա բովանդակությանը, տեղեկացվել, որ ապաստանի համար պետք է դիմի 15 օրյա ժամկետում և առավել ևս ստորագրել այդ փաստաթուղթը։ Այնուհանդերձ, առանց անձի ստորագրման, միգրացիոն ծառայությունը հաստատված է համարում, որ անձը ծանուցվել է ապաստան դիմելու սահմանափակ ժամկետի մասին և հետագայում մերժում ապաստանի հայցը, ինչն էլ հիմք է հանդիսանում անձին ՌԴ արտահանձնելու համար»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ ներպետական մարմինները իրականացնում են անօրինական գործունեություն՝ ՌԴ իրավասու մարմինների՝ արտահանձնման պահանջը անհապաղ կատարելու և անձին անհիմն ՌԴ արտահանձնելու համար։ Ընդ որում, այլ պետությունների հետ հարաբերություններում այս անհապաղության ռեժիմը չի գործում։ Փաստաբանը համոզված է՝ այլ երկրների պարագայում միգրացիոն ծառայությունը մանրամասն կստուգեր՝ անձը տեղեկացված եղել է արդյոք, որ կարող է 15 օրյա ժամկետում դիմել՝ ապաստան հայցելու համար, առկա է արդյոք ստորագրություն, հավաստիացում, որ անձը տեղեկացվել է իր այդ իրավունքի մասին։

«Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ՌԴ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանից դուրս գալու պահանջով, հետևաբար արտահանձնված անձը ՌԴ-ում զրկվելու է իր իրավունքների խախտման համար ՄԻԵԴ դիմելու իրավունքից»,- նշեց Հովհաննիսյանը։

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում

Հաջորդը