ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Գ․Թորգոմյանին մեղադրանք էր առաջադրվել տնտեսական հանցագործության համար (մեղադրանքը վերաբերում էր մի քանի հարյուր միլիոն դրամի շրջանառությանը)։ Գ․Թորգոմյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Տնտեսական հանցագործությունների գործերով առանցքային ապացույց է հանդիսանում դատահաշվահական փորձաքննության եզրակացությունը։ Այդ գործով, մեղադրյալի բացակայությամբ, քննիչը նշանակել էր փորձաքննություն և ստացել եզրակացություն՝ Գ․Թորգոմյանի մեղավորության մասին։ «Էյջ Վի Էյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները, քրեական գործին ներգրավվելուց հետո միջնորդել էին նշանակել կրկնակի փորձաքննություն և այն անցկացնել պաշտպանական կողմի մասնակցությամբ, սակայն հիշյալ միջնորդությունը մերժվել էր։ Պաշտպանական կողմը ձեռնարկել էր մարտավարական հնարք, որը նոր էր ՀՀ փաստաբանական ոլորտում, այն է՝ սեփական նախաձեռնությամբ նշանակել էր դատահաշվապահական փորձաքննություն, ինչը հերքել էր մեղադրյալի մեղավորությունը։ Ունենալով հակադիր և հակասական երկու եզրակացություն, վարույթն իրականացնող մարմինը նշանակել էր կրկնակի փորձաքննություն, որը հավաստել էր պաշտպանական կողմի հիմնավորումները։ Արդյունքում՝ քրեական գործով վարույթը կարճվել և մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Մեղադրյալի նկատմամբ դադարեցվել էր նաև հետախուզումը և նա շուտով կվերադառնա հայրենիք։