ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությունն այսօր դեմ քվեարկեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրել էին Հայաստան խմբակցության մի քանի պատգամավորներ։

 

Այս փոփոխությունը, ինչպես նշում է Արամ Վարդևանյանը, հնարավորություն կտա քրեական հետապնդում սկսել նրանց նկատմամբ, ովքեր արտահայտություններ կանեն, որոնք ոտնձգություն կլինեն ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։

 

ՔՊ-ականների կարծիքով, այն խնդիրը, որը ցանկանում են լուծել ընդդիմադիր պատգամավորները սույն փոփոխությամբ, արդեն լուծված է ՀՀ Քրեական օրենսգրքով։

 

PressTime.am-ը զրուցել է փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե իշխանության կողմից հնչեցված հակափաստարկները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ։

 

Փաստաբանը նախ ներկայացրեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված նախագծի մանրամասները, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Նախագծի համաձայն՝ ներկայացվող հոդվածը պատիժ է սահմանելու հետևյալ գործողությունների համար․ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը, նշված գործողությունները կամ մտքերը քարոզելը։

 

Հոդվածի որակյալ մաս․

 

ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը, պատկանելիությունը հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը, նշված գործողությունները կամ մտքերը քարոզելը։

 
Որպես հիմնավորումներ ներկայացվել են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում նորմի պրեվենտիվ նշանակությունը, կարևորությունն ու արդիականությունը, հետագա բանակցային գործընթացում որոշակի գործողությունների կամ մտքերի կանխարգելումը և այլն։

 

Ի հակադրություն ներկայացված նախագծի՝ իշխանական թևը առաջ է  քաշել հետևյալ հիմնական հակափաստարկները․

 

Առաջարկվող նորմով նախատեսված ոչ իրավաչափ վարքագիծը՝ արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով, զուրկ է իրավական որոշակիությունից,  արդիական և կիրառելի չէ»։

 

Անդրադառնալով իշխանության բերած հակափաստարկներին, Հովհաննիսյանն ասաց․ «Այն պնդումը, որ նորմն արդեն իսկ նախատեսված է քրեական օերնսգրքով ոչ միայն ակնհայտ անհիմն է, այլև չի համապատասխանում իրականությանը։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 300․2 հոդվածը պատիժ է նախատեսում հետևյալ արարքի համար՝ Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը։ Օրենսգրքի 301-րդ հոդվածը քրեականացրել է Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

 

Քրեական օրենսգրքում առկա նորմերի հանցակազմերի պարզ և անգամ մակերեսային վերլուծությունից պարզ է դառնում, որ առկա նորմերը քրեական պատասխանատվություն են նախատեսում միայն և բացառապես բռնի գործողությունների կատարման համար։

 

Սակայն նախագծով առաջարկվում է քրեականացնել ոչ թե կոնկրետ պաշտպանվող շահերի դեմ ուղղված բռնի գործողությունները /ինչն արդեն իսկ առկա է օրենսգրքում/ այլ՝  հիշյալ շահերին ոտնձգող, պաշտպանվող օբյեկտների դեմ ուղղված արտահայտությունները, կամ նման գործողություններն ու մտքերը արդարացնելը կամ դրանց քարոզը։

 

Այսինքն բոլոր այն արտահայտությունները, մտքերը, նման մտքերի քարոզը, որոնք իրենց մեջ բռնի գործողություններ չեն պարունակում, քրեականցված չեն և չեն նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով։

 

Քրեական օրենսգրքի նորմերն անալոգիայով կիրառվել չեն կարող, հետևաբար եթե անձի կողմից կատարվեն այնպիսի արտահայտություններ, որոնք ուղղված են ՀՀ տարածքային ամբողջականությանը կամ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն, նման մտքերը արդարացնելում, կամ դրանց քարոզին, ապա հիշյալ գործողությունները չեն կարող որակվել քրեական օրենսգրքում առկա նորմերով։ 

 

Ամփոփելով հարկ է նշել, որ այս մասով իշխանական պատգամավորների պնդումները զուրկ են իրավական հիմքից»։

 

Անդրառառնալով իշխանության մյուս պնդմանը, որ նախագիծը զուրկ է իրավական որոշակիությունից, փաստաբանը նշեց․ «Այս մասով բերված միակ փաստարկն այն է, որ թշնամի պետությունների կողմից տարածքային ամբողջականության դեմ ուղղված մտքերի կրկնումը, կամ դրանց հրապարակումը ՀՀ քաղաքացիների կամ ԶԼՄ-ների կողմից կարող է հանգեցնել նախատեսվող հոդվածներով դրանց որակմանը, այլ կերպ ասած՝ հիշյալ հոդվածը կարող է վտանգավոր դառնալ նաև ՀՀ քաղաքացիների համար՝ այնքանով, որքանով նրանց վարքագիծը կարող է ընկնել նորմերի գործողության դաշտ։

 

Հիշյալ պնդումները ևս հիմնազուրկ են։

 

Քննարկումների արդյունքում նախագիծը կարող էր լրացվել հստակ նորմով, որը կբացառեր նման արտահայտությունների կամ մտքերի կրկնության, կամ հրապարակման համար ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվությունը հիշյալ հոդվածներով։ Այսինքն, իշխանական պատգամավորների այս պնդումը կարող էր հերքվել ընթացակարգային լուծումներով։ 

 

Ինչ վերաբերում է բուն որոշակիությունը, ապա այդ առումով հարկ է զուգահեռներ տանել ծանր վիրավորանքի համար պատիժ նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի խայտառակ 137․1 հոդվածի հետ։ Այս հոդվածն ամբողջությամբ զուրկ է իրավական որոշակիությունից, որը պարզ է անգամ իրավաբանական ԲՈՒՀ-ի առաջին կուրսի ուսանողի համար։  

 

Արդեն այս դեպքում նույն այդ պատգամավորները ծանր վիրավորանքի անորոշության պաշտպանության ուղղությամբ իրենց ներկայացրած փաստարկները մոռանալով, կամ հերքելով իրենց նախկին փաստարկները, պնդում են, որ այս հոդվածներն իրավական առումով որոշակի չեն։

 

Հասկանալու համար նրանց պնդումների սնանկությունը բավարար է միայն դիտել և համեմատել 137․1 հոդվածի ընդունման և այս հոդվածի մերժման դեպքում նրանց ներկայացած հիմնավորումները, որից պարզ կդառնա, որ նույն անձինք հերքում են իրենք իրենց»։

 

Իշխանության մյուս հակափաստարկին, թե իբր նախագիծն արդիական և կիրառելի չէ, Վահան Հովհաննիսյանը, որոշակի առումով համաձայն է․ «Այս մասով, որոշակի առումով, համաձայն եմ իշխանական թևի հետ, քանի որ առկա չեն նորմի կիրառելիության հստակ իրավական մեխանիզմներ, որի արդյունքում այն կրելու է դեկլարատիվ բնույթ, իրականում չի գործելու։

 

Իրատեսական չէ գործնականում պատկերացնել, որ Էրդողանին կամ Ալիևին հնարավոր է լինելու քրեական պատասխանատվության ենթարկել այս հոդվածներով;

 

Ըստ իս, նորմերի ընդունման թիրախը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն են և նորմն ուղղված է նրանց որոշակի մտքերը, արտահայտությունները, գործողությունները կանխելուն։ Սա է նախագծի հիմնական, լատենտ, քողարկված նպատակը, ինչի հետ լիովին համաձայն եմ։

 

Հենց սա է իրական պատճառը, թե ինչու նախագիծը մերժվեց իշխանության կողմից, հակառակ պարագայում, այն ընդունվելու դեպքում իշխանական որևէ պաշտոնյա իրավունք չէր ունենալու արտահայտել այնպիսի մտքեր, որոնք ուղղված էին լինելու ՀՀ տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,-եզրափակեց փաստաբանը։

 

Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում