DzOP9hAMBa

15 September 2020

No Comments

Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախագահող դատավորի գործունություններում առկա են հանցագործության հատկանիշներ. Փաստաբանը պահանջում է քրգործ հարուցել.pastinfo

Փաստինֆոն գրում է․ Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ նախագահող դատավոր Վահե Խալաթյանի գործողությունների դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը գտնում է, որ դատավոր Խալաթյանն առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք՝ պաշտոնեական անփութություն և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք, այն է՝ պաշտոնեական կեղծիք։

Հովհաննիսյանի խոսքով՝ դատական նիստերը սկսվել են 2018թ հոկտեմբերի 4-ից, սակայն առ այսօր որևէ դատական նիստ սահմանված ժամին չի սկսվել, դատական նիստերն ամենաշուտը սկսվել են՝ 22 րոպե, իսկ ամենաուշը՝ շուրջ 2 ժամ ուշացումով, բազմաթիվ դատական նիստեր հետաձգվել են տարբեր հանգամանքներից ելնելով դատական նիստին չներկայանալու պատճառով։

Պաշտպանը հայտնեց, որ ապրիլի 16-ին՝ ժամը 15։30-ին նշանակվել է հերթական դատական նիստը և նույնիսկ համավարակի պայմաններում պաշտպանական կողմը ներկայացել էր դատական նիստին՝ սահմանված ժամին, մինչդեռ, նիստերի դահլիճում գտնվել է միայն նիստերի քարտուղարը, ով որևէ բան չի հայտնել նախագահող դատավորի բացակայության պատճառների վերաբերյալ և միայն 44 րոպե անց՝ ժամը 16։14-ին դատական նիստերի դահլիճ է ժամանել նախագահող դատավոր խալաթյանի աշխատակազմի աշխատակիցը և հայտնել, որ դատավորը վատառողջ է եղել, ուստի նիստին չի ներկայացել։ Պաշտպանի խոսքով՝ դատավորի վատառողջ լինելու վերաբերյալ ոչ միայն որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, այլև՝ պաշտպանական կողմին հայտնի է դարձել, որ նիստից կարճ ժամանակ առաջ նախագահող դատավորը գտնվել է դատական նիստերի դահլիճում և բնականոն վարել է նիստերը։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նման դեպքերը շատ են եղել, վերջին դեպքը եղել է այսօր՝ սեպտեմբերի 14-ին, երբ ժամը 12։40-ին պետք է տեղի ունենար հերթական դատական նիստը, սակայն բավարար ժամանակ սպասելուց հետո պարզվեց, որ դատական նիստ տեղի չի ունենալու, որի կապակցությամբ որևէ դիմում է ներկայացվել։

«Դրանից անմիջապես հետո, մեկնել ենք Արմավիր ՔԿ հիմնարկ և տեղեկացել, որ դատարանից գրություն է ուղարկվել, սույն քրեական գործով ամբաստանյալներ Զոհրաբ Ղումաշյանին և մյուսներին սեպտեմբերի 14-ին, ժամը 14․40-ին կայանալիք դատական նիստին ներկայացնելու վերաբերյալ, այն դեպքում երբ դատական նիստը նշանակված է եղել նույն օրը ժամը 12․40-ին»,- տեղեկացրեց պաշտպանը՝ ընդգծելով, որ կեղծիք է տեղի ունեցել, որ ժամը 12։40-ին ամբաստանյալին չբերեն և դատական նիստը կրկին չկայանա։

Հովհաննիսյանը վստահեցնում է՝ դատավորի նման գործողությունների անմիջական պատճառը գործով տուժողի՝ Դոն Պիպոյի և վերջինիս ընտանիքի անդամների հետ ունեցած մտերիմ հարաբերություններն են։  Հովհաննիսյանի կարծիքով՝ կան ներքին պայմանավորվածություններ, որ հնարավորինս երկար ամբաստանյալները պահվեն արգելանքի տակ։

«Բոլորն էլ գիտեն, որ այս գործով կոնկրետ Զոհրաբ Ղումաշյանի՝ «կազմակերպչի» մասով կայացվելու է արդարացման դատական ակտ։ Անգամ, եթե այս փուլում չկայացվի, Վերաքննիչ դատարանում կամ Վճռաբեկ դատարանում կկայացվի։ Հավանաբար՝ դատավորն ինչ- որ անօրինական ցուցում կամ հրահանգ է ստացել՝ անձանց արգելանքի տակ երկար պահելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել, որոնք մերժվել են, մինչդեռ, դատավորն ինքը դատական նիստերից մեկի ընթացքում հայտնել էր, որ ճանաչում է Դոն Պիպոյի եղբորը։ Բացի դա՝ դատական նիստերից տևական ժամանակ բացակայելու, նիստերն ուշացումով սկսելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հաղորդում է ներկայացվել կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, նույն հիմքով հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով, սակայն բոլոր հաղորդումները մերժվել են՝ էական չլինելու հիմքով։

«Եթե մեր իշխանությունն այսօր գնում է վեթինգի իրականացման ճանապարհով կամ դատավորների բարեվարքության կանոնների մշակման ճանապարհով և մենք նման հանգամանքների մասին բարձրաձայնում ենք, անգամ այդ հանգամանքները ներկայումս հաշվի չեն առնվում»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այսօր ներկայացված հանցագործության մասին հաղորդումն այդ ամենի արդյունքն է, քանի որ 2018թ առ այսօր բարձրացված ձայնը, որ դատավորն այս գործով դատաքննություն չի իրականացնում, խախտում է անձանց իրավունքը, որևէ արժանի արձագանքի չարժանացավ։

Փաստաբանն ընդգծեց, որ, թեև հայտարարվում է վեթինգի և «վատ» դատավորներից ազատվելու մասին, այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, եթե անգամ փաստացի ներկայացվում են դատավորի գործողությունները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո