DzOP9hAMBa

17 July 2020

No Comments

Գարիկ Մաշադյանի վերաբերյալ քրեական գործը դատախազին վերադարձնելու մասին միջնորդությունը մերժվել է. Մեղադրանքը չի խստացվի.փաստինֆո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի վերաբերյալ քրեական գործը դատախազին վերադարձնելու մասին տուժող կողմի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ գործը վերադարձնելու միջնորդություն էին ներկայացրել, քանի որ կարծում են, որ Մաշադյանի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չի տրվել։

«Միջնորդությունը մերժվեց։ Դատարանը գտավ, որ իրավաբանական որակմանը կանդրադառնա դատաքննության ընթացքում։ Չգիտեմ ինչպես դա պետք է կատարվի, քանի որ նման իրավական մեխանիզմ գոյություն չունի։ Սա մեր վերջին իրավական հանգրվանն էր՝ մեղադրողին գործը վերադարձնելու վերաբերյալ, ինչը դատարանը չարեց, որովհետև արդեն դատաքննության ընթացքում դատարանը զրկված է մեղադրանքը խստացնելու հնարավորությունից և մենք պետք է գերի մնանք դատախազից և հայցենք նրա հայեցողական լիազորությունը, որ նա խստացման առումով մեղադրանքը փոխի՝ ապացույցների հիման վրա։ Այսինքն՝ դատարանը մեզ զրկեց վերջին հնարավորությունից, որ գործը վերադարձնի և նորից քննություն իրականացվի կամ մեղադրական եզրակացության մեջ մեղադրանքը փոխվի»,- ասաց Հովհաննիսյանը։

Դատական նիստին տուժող կողմը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել՝ դատախազին բացարկ հայտնելու մասին, որի հիմքում, Հովհաննիսյանի փոխանցմամբ, դրված էր դատավարական վերահսկողության ընթացքում թույլ տված խախտումները, բացթողումները և այն հագնամանքը, որ վերջինս կաշկանդված է Մաշադյանի ազգակցական կապերով։ Սիջնորդությունը կազմված է մոտ 15 թերթից, որին ծանոթանալու համար դատարանը կողմերին ժամանակ է տվել՝ նիստը հետաձգելով։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 13-ին։

Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող Գարիկ Մաշադյանը չի ցանկանում, որ դատական նիստին ներկա գտնվեն տեսանկարահանող խմբեր և «Փաստինֆո»-ի նկարահանող խմբին թույլ չտվեցին նկարահանել դատական նիստը, թեև գործը քննվում է դռնբաց կարգով։

Հիշեցնենք, որ Մաշադյանը մեղադրվում է տարեց կնոջ սպանության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20։00-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը մուտք է գործել Վարդաշեն փողոցի տարեց բնակիչ Ցողիկ Բադիկյանի տուն, պահանջել ենթադրաբար օգոստոս ամսին իր կողմից տրված ոսկյա խաչը, ինչը Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել այն, որի ընթացքում ծագել է վիճաբանություն ու Մաշադյանը մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել տարեց կնոջն ու սպանել։

Տուժողի դին հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում,ամուսնու կողմից։ Ժամանել են ոստիկանները, կատարել դեպքի վայրի զննություն և դեպքի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, սակայն Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանության համար՝ առանց հափշտակության նպատակի։ Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը փորձել է մեղադրյալի համար ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծել, մեղմել մեղադրանքը, թե, իբր, սպանությունը շահադիտական նպատակ չի հետապնդել ու նա հափշտակություն չի կատարել։

Դատական նիստը ընթանում է դռնբաց, բայց առանց նկարահանումների, քանի որ սպանության մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտո․նյայի եղբայրը դեմ է եղել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո