Գորիսի զորամասում շուրջ 14 տարի առաջ սպանված շարքային զինծառայող Նաիրի Իսախանյանի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին եւ ՔԿ ղեկավարին ՝ խնդրելով ՀՀ քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով (քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը) քրեական գործ հարուցել գործը քննող քննիչի նկատմամբ, սակայն քրեական գործ չի հարուցվել:
Հաղորդումները մակագրվել են վարույթն իրականացնող մարմնին՝ քննիչին, որը, փաստաբանի խոսքով, շահագրգիռ կողմ է։ «Բոլոր հաղորդումները հիշյալ մարմինները ուղարկել են վարույթն իրականացնող մարմին՝ քննիչին, որպեսզի քննիչը լուծի՝ քննիչ գործողություններում առկա՞ են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։ Բոլոր դիմումներն ուղարկում են քննիչին, որը հանդիսանալով շահագրգիռ անձ՝ ընթացք չի տալիս գործին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հաղորդումներին ընթացք չտալը փաստաբան Հովհաննիսյանը պայմանավորում է նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործոնով, որն այսօր սերտ առնչություններ ունի գործող իշխանությունների հետ։
Փաստաբանի խոսքով, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան առ այն, թե տվյալ ժամանակահատվածում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, որի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հորեղբոր թոռանը՝ Վաղինակ Ամիրյանին այս գործով մեղադրանք էր առաջադրվել։ «Վաղինակ Ամիրյանին քրեական պատասխանատվությունից ազատելու միակ հիմքը հանդիսացել է նրանց մտերմությունը, որովհետեւ իրավական հիմք գործում առկա չէ։ Ես կարծում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանի գործոնը այսօր էլ նշանակություն ունի, քանի որ նրա քաղաքական ակտիվությունը մեզ հուշում է, որ Գագիկ Ջհանգիրյանը իշխանություններին հաճո մարդ է։ Այսօր մեր դիմումներին ընթացք չտալը մենք կապում ենք դրա հետ»,-ասում է փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի 11-ին, ժամը 02։40-ի սահմաններում հայտնաբերվել է շարքային Նաիրի Իսախանյանի դիակը՝ գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորումով։ Հարուցվել է քրեական գործ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված եզրակացության մեջ նշվել է, որ Նաիրի Իսախանյանի մահը վրա է ստացել գլխի ճակատային շրջանում ինքնաձիգից արձակված կրակոցների հետեանքով։
Դիակի դատաբժշկական փորձաքննության եւ գործով ձեռք բերված այլ ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայող շարքային Վաղինակ Ամիրյանին, որը փաստաբանի փոխանցմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հորեղբոր թոռն է։ Քրեական գործի նախաքննության ընթացքում, սակայն, Նաիրի Իսախանյանի մայրը՝ Գյուլվարդ Աղաջանյանը, գտնվելով հուզական վիճակում, անստորագիր դիմում է հասցեագրել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին առ այն, որ իրեն հասած տեղեկություններով, որդին ոչ թե մահացել է կրակոցների արդյունքում, այլ իր որդուն նախապես ծեծել են զինծառայողները, ինչի հետեւանքով որդին մահացել է, որից հետո միայն Վաղինակ Ամիրյանը ինքնաձիգով կրակել է նրա ճակատին եւ վնասվածք պատճառել։
«Քննիչը, ունենալով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ունենալով բազմաթիվ ապացույցներ, համադրում է միայն տուժողի մոր հուզական, խռովային վիճակում գրված անստորագիր դիմումը եւ գտնում,որ այն ճիշտ է եւ դրա հիման վրա անհրաժեշտ է Վաղինակ Ամիրյանին առաջադրված սպանության մեղադրանքը վերացնել։ Դատավարական որոշման համար միակ հիմքը , կրկնում եմ, տուժողի մոր անստորագիր դիմումն է, որը որեւէ այլ ապացույցով չի հաստատվել»,-շեշտում է փաստաբանը։
Արդյունքում, Վաղինակ Ամիրյանը այլ հոդվածով 2 տարով պայմանական ազատազրկվել, ապա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։
«Քրեական դատավարությամբ նշվում է, որ կան որոշակի հանգամանքներ, որոնք կարող են ապացուցվել միայն որոշակի ապացույցներով։ Դրանք են մահված պատճառը եւ մարմնական վնասվածքների բնույթը։ Այսինքն, եթե կա այդ մասին դիակի դատաբժշկական փորձաքննություն, դա առաջնային ապացույց է, որը կարող է վկայել մահվան պատճառը։ Մնացած բոլոր ապացույցներն ածանցյալ են»,-շեշտում է փաստաբանը։
Նրա խոսքով, 12 հատորանոց քրեական գործի գրեթե կեսը իր վստահորդի կողմից տարբեր ժամանակներում ուղարկված դիմումներն ու բողոքներն են, որոնք տարիներ շարունակ անտեսվել են. «Այն աստիճանի են հասցրել, որ այդ կինը հիմա չգիտեմ ինչ վիճակում է գտնվում։ Մամուլում անգամ հրապարակում կա այն մասին, որ քննիչը սեռական բնույթի հայհոյանքներ է թույլ տվել տուժողի մոր հասցեին»
Փաստաբանի խոսքով, տուժողի շահերի ներկայացուցչի պարտականություններն ստանձնելիս տուժողի մայրը թերահավատ է եղել, որ գործով հնարավոր կլինի որեւէ առաջընթաց գրանցել։ «Ես , ճիշտն ասած, չէի հավատում, բայց այն, ինչ ես տեսա այս գործով, վկայում է, որ իսկապես, տուժողի մայրը ճշմարտությունն է ասում՝ այստեղ կա կամք , որ գործը չբացահայտվի եւ Վաղինակ Ամիրյանը չդատապարտվի՝ անգամ այսքան փաստական հանգամանքների առկայության պայմաններում։ Գյուլվարդ Աղաջանյանը նշել էր, որ գործով առաջընթաց չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ գործով որոշման հիմքում կանգնած է Գագիկ Ջհանգիրյանը»,-ընդգծում է փաստաբանը։
Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, քննիչի անգործության վերաբերյալ նաեւ դատարան են դիմել։ Դատական նիստը կայանա հոկտեմբերին։ Գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին, որի վերաբերյալ փաստաբանների շրջանում բարձր վստահություն կա։ Փաստաբանն ակնկալում է, որ այս անգամ գործն ընթացք կստանա, թեեւ շեշտում է՝ առկա է Գագիկ Ջհանգիրյանի գործոնը։
Աղբյուր` Փաստինֆո
Ավելին տես սկզբնաղբյուր լրատվամիջոցի էջում