Տեսանյութեր և հոդվածներ

Ծննդաբերության ժամանակ մահացած կնոջ բարեկամները չեն վստահում քննչական մարմնին

  • Մարտ 31, 2015
  • Նարինե Ղալեչյան

Սկեսրոջ խոսքով, եթե բժիշկը տեղում լիներ, երկու երեխաների մայրը չէր մահանա:

Նախորդ տարի ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա կնոջ ամուսինն ու սկեսուրը կատարվածի համար մեղադրում են բժշկին, բայց ապացուցել չեն կարողանում: Եթե բժիշկը տեղում լիներ, երկու երեխաների մայրը չէր մահանա, վստահ է սկեսուրը, ով մահվան պահին եղել է ծննդաբերող հարսի կողքին:

«Մինչև վերջ ինքը շատ լավ էր, մի պահ վատացավ, սրտի վատ աշխատանք ունեցավ, դեղ դրին լեզվի տակ, երկու րոպե հետո ինքը էլ չկար: 3 ժամ բժիշկ ենք ճվացել, մենակ քույրն է եղել կողքը մեկ էլ ես, թողեց քույրի հույսին, գնաց: Ես մենակ կխնդրեմ, որ մերը կորցրինք, ուրիշները չկորցնեն, նման բժիշկներ թող չաշխատեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց սկեսուրը:

Կնոջն ու երեխային հուղարկավորած Սամվել Հովհաննիսյանը պնդում է, որ կնոջ նկատմամբ անտարբեր բժիշկը պետք է պատասխանատվության ենթարկվի: Դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, ասում է՝ կնոջ մահից 10 ամիս է անցել, բայց քննչական մարմինը փորձում է կոծկել գործը․ մինչև այսօր չկա կնոջ մահվան դատաբժշկական փորձաքննությունը:

Հայաստանում այս հարցը կարգավորվում է քրեական օրենսգրքի 130 հոդվածով, որով սահմանվում է պատիժ, եթե բժշկի գործողության, կամ անգործության հետևանքով հիվանդին պատճառվել է ծանր, կամ միջին ծանրության մարմնական վնասվածք: Բժշկի մեղքն ապացուցելու համար, սակայն, անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննությունը գրում են դատական բժիշկները, ովքեր ըստ փաստաբանների՝ դժվար թե գործընկերոջ ճակատագրի ու կարիերայի վրա ազդող արձանագրություն կազմեն: Արդյունքում, հաճախ նաև փորձաքննությունից հետո հնարավոր չի լինում պարզել՝ բժիշկը սխալ թույլ տվե՞լ է, թե՞ ոչ:

Փաստաբաններ Մուրադ Ասրյանն ու Գևորգ Մկրտչյանը վաղուց են զբաղվում այսպիսի գործերով, հաջողություն հազվադեպ են գրանցել: Ասում են՝ անհրաժեշտ է բուժական հստակ չափորոշիչներ մշակել, որոնք չպահպանող բժշկի մեղքն ապացուցելն առավել հեշտ կլինի: Փաստաբան Մուրադ Ասրյան:

«Առողջապահության մասնագետները պատասխանում են, որ իրենք հստակ չափորոշիչներ փորձում են սահմանել, ուղղակի, քանի որ բժշկությունը զարգացող գիտություն է, իրենք անընդհատ հետևում են այդ զարգացմանը մի օր կմշակեն այդ չափորոշիչները, բայց մինչև հիմա դրանք չկան», - ասաց փաստաբաններից մեկը:

Վերահսկողությունը ուժեղացնելու համար փաստաբանները առաջարկում են նաև կիրառել արևմուտքում ընդունված մեխանիզմն ու արտոնագրեր սահմանել բժիշկների համար, որը չափորոշիչները խախտելու դեպքում, գրեթե անհնար կլինի վերականգնել: