Տեսանյութեր և հոդվածներ

Լիցենզիայից զրկված կլինիկան շարունակում է գործե՞լ

  • 12 մարտի, 15:59
img

«Ռ եւ Պ Սկենառ» երեւանյան կլինիկայի լիցենզիան կասեցվել է այս տարվա փետրվարին: Սակայն, ինչպես լրագրողներին հայտնեցին Փաստաբանների պալատը ներկայացնող իրավաբաններ Մուրադ Ասրյանը եւ Գեւորգ Մկրտչյանը, կլինիկան շարունակում է գործել՝ հակառակ օրենքի:

Իրավաբանների պնդմամբ՝ կլինիկայի տնօրեն Ռուբեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կլինիկան շարունակում է գործել նոր հասցեով (առանց հասցեն մանրամասնելու): Իր այդ գրառման մեջ նա թվարկում է նաեւ կլինիկայի կողմից առաջարկվող ծառայությունները, հայտարարում է զեղչերի եւ ակցիաների մասին՝ նշելով կլինիկայի նոր հեռախոսահամարը: Գրառումն արվել է մարտի 10-ին, 13:17-ին, թարմացվել մարտի 11-ին, մոտավորապես 23:00-ին:

«Օրենքը միանշանակ հստակեցնում է, որ եթե լիցենզիան կասեցվել է, ընկերությունը իրավունք չունի շարունակել իր գործունեությունը», - նշում է Մուրադ Ասրյանը:

Ինչպես նշում են իրավաբանները, կլինիկայի լիցենզիան կասեցվել է այն բանից հետո, երբ խախտվել են լիցենզավորման պահանջները բժշկական առաջնային օգնության եւ մասնագիտական ախտորոշման ոլորտում, սակայն կլինիկայում զբաղվում էին նաեւ մասնագիտական բուժմամբ, ինչի իրավունքը չունեին:

Ընկերությունը ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ իրավաբաններին էին դիմել կլինիկայում երկարատեւ անհաջող բուժում անցած աղջա ծնողները: Նշենք, որ աղջիկը փորձում էր վերականգնել լսողությունը: Աղջկա լսողությունը չէր վերականգնվել՝ չնայած այն հանգամանքին, որ երեխայի ծնողները բավականին կլորիկ գումարներ էին ծախսել: Այն, որ երեխայի լսողությունը չէր բարելավվել, հաստատել էր նաեւ դատաբժշկական փորձաքննությունը:

Փաստի առիթով վարչական գործ էր հարուցվել, որի ընթացքում բացահայտվել են մի շարք խախտումներ.

-2004 թվականի ապրիլի 13-ին կլինիկան լիցենզիա էր ստացել, որի համաձայն՝ պետք է աշխատեր Փափազյան 22, 30 հասցեով: Սակայն կլինիկան աշխատել է նաեւ երեք այլ հասցեներով: «Այսինքն՝ ընկերությունը փոխում էր գործունեության վայրը, որը նախատեսված է եղել լիցենզիայով, գործունեություն էր ծավալում այլ տեղերում՝ առանց ներկայացնելու փաստաթղթեր այն մասին, համապատասխանում է արդյոք նոր վայրը բժշկական գործունեության պահանջներին: Լիցենզավորման մասին օրենքի երկրորդ մասի հոդված 30-ի համաձայն՝ այն, ինչ որ արվել է, համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության ծավալում՝ առանց լիցենզավորում անցնելու», - նշել է Մուրադ Ասրյանը:

–Ընկերությունը օգտագործում է «Սկենառ» բժշկական սարքավորումը, որը չի դասվում այն սարքավորումների շարքին, որոնք կարելի է օգտագործել բժշկական պրակտիկա իրականացնող կաբինետներում: Իսկ այդ բժշկական պրակտիկան թույլատրվում է հենց տվյալ լիցենզիայի տեսակով: Կլինիկայի աշխատակիցները մասնագիտացված ֆիզիոթերապեւտական գործունեություն էին ծավալել, ինչի իրավունքը եւս չունեին:

- Գործով լսումների ժամանակ կլինիկայի տնօրենը չի ներկայացրել իր աշխատակիցների հետբուհական կրթության մասին ոչ մի փաստաթուղթ, ոչ էլ փաստաթուղթ այն մասին, որ իր աշխատակիցները վերապատրատում են անցել վերջին հինգ տարիների ընթացքում:

Հաշվի առնելով բոլոր խախտումները՝ փետրվարի 25-ին նախարարի հրամանով կլինիկայի գործունեությունը կասեցվել է: Իրավաբանների կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ ոչ թե կասեցնել լիցենզիան, այլ ընդհանրապես տվյալ կլինիկան զրկել լիցենզիայից: