Տեսանյութեր և հոդվածներ

Դատարանի իրավական գնահատմամբ՝ բուժկենտրոնն իրավունք չուներ բուժել հայցվորին «ՍԿԵՆԱՌ» սարքավորման միջոցով

  • 17:46 | Մայիս 9 2015
  • Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
img

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը բավարարել է փաստաբան Մուրադ Ասրյանի հայցը ընդդեմ ՙՌ. և Պ. ՍԿԷՆԱՌ՚ առողջության վերականգնողական կենտրոնի: Հօգուտ հայցվոր Մարինե Ջամալյանի կբռնագանձվի 490.000 ՀՀ դրամ գումար:
Կբռնագանձվի նաև 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Հայցվոր Մարինե Ջամալյանը իր ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի հետ 26.06.2014 թվականին դիմելով դատարան, հայտնել էր, որ գանգատվելով նյարդային գերլարվածությունից, ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածներում ցավերից, ոտքերում թուլությունից, ինքնուրույն դժվարանալով քայլելուց, կանգնելուց, դիմել է «Ս. Մ. Բերեզինի անվան բիոլոգիական համակարգի Միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշման կենտրոն»:

Ըստ հայցի, հետազոտել են իր ողնաշարի գոտկա-սրբոսկրային հատվածը և տվել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիային պատասխանը, որի եզրակացության մասում նշված է. «L4 ողի առավել ծավալային ախտահարմամբ բնույթի ՄՌ նկարագիր, ողի մարմնի պաթոլոգիական կոտրվածքի նշաններ և ողնաշարային կանալում ընդլայնված ընթացք, այդ մակարդակում լուսաշերտի ստենոզ: Ողնաշարի գոտկա-սրբոսկրային հատվածի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ»:

14.08.2013 թվականին հայցվորը դիմել է պատասխանող «Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն և ներկայացրել է «Ս.Մ.Բերեզինի անվան բիոլոգիական համակարգի Միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշման կենտրոնի մանգնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի պատասխանը: Կենտրոնը պարտավորվել է նշյալ խնդիրները լուծել: Սակայն չի լուծել և հայցվորի կարծիքով, խախտվել է առաջին հերթին իր՝ սպառողի իրավունքները:

Մասնավորապես, Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի համաձայն, եթե պայմանագիրը կնքելիu uպառողը վաճառողին տեղյակ է պահել ապրանքի ձեռք բերման որոշակի նպատակների մաuին, ապա վաճառողը պարտավոր է uպառողին հանձնել այնպիuի ապրանք, որը պիտանի է այդ նպատակներին համապատաuխան oգտագործման համար: Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը կրում է oրենքով և պայմանագրով նախատեuված պատաuխանատվություն: Եվ այդ վնաuները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված uույն oրենքով կամ պայմանագրով uահմանված տուժանքը :

«Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊ ընկերության ներկայացուցիչ Արթուր Ղարիբյանը ըստ դատարանի , ներկայացրած հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ հայցվոր Մարինե Ջամալյանի և պատասխանող «Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոնի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ըստ որի պատասխանողը պարտավորվել է հայցվորի ցանկությամբ և համաձայնությամբ մատուցել ծառայություններ, իսկ հայցվորը պարտավորվել է վճարել դրա դիմաց:

Պատասխանողը հայտնել է, որ ծառայությունները մատուցվել են, ավարտին կազմվել է էպիկրիզ, որի համաձայն հայցվորն անցել է կոմպլեքս հետազոտություն և ախտորոշվել է միջողային օսթեոխոնդրոզ, օսթեոպորոզ, ռադիկուլիտ, նևրալգիա, նևրաստենիա, վահանաձև գեղձի դիսֆունկցիա, աղիների դիսբակտերիոզ, ճիճվակրություն, լեղապարկի դիսկինեզիա, էնդոմետրիոզ: Հայցվորը համալիր բուժման կուրս է անցել պատասխանողի մոտ: Ըստ բուժկենտրոնի, հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է, թուլություն չկա, ցավերը և թմրածությունը վերջույթներում պակասել են, ողնաշարի պարանոցային հատվածում ցավեր չկան, գոտկային հատվածի ցավերը պակասել են, քայլելը հեշտացել է: Հայցվորը դուրս է գրվել բավարար վիճակում տեղամասի նյարդաբանի հսկողության տակ:

Մուրադ Ասրյանն Aravot.am-ին ասում է, որ «Պատասխանողին է ներկայացրել Ս. Մ. Բերեզինի անվան բիոլոգիական համակարգի Միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշման կենտրոնի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի պատասխանը և պատասխանողը պարտավորվել է եզրակացությունում նշված խնդիրները վերացնել:

Պատասխանողը պատշաճ չի մատուցել ծառայությունը, հիվանդը կրել է վնաս՝ ծառայության համար պատասխանողին վճարել է 490.000 ՀՀ դրամ, իսկ ծառայությունն էլ մատուցվել է Պատասխանողի կողմից ոչ պատշաճ»:

Դատարանը հաստատված համարեց, որ հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը 25.12.2014 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին, որով խնդրել է «Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊ ընկերության լիցենզիան կասեցնել:

Զննման արդյունքում համապատասխան կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ և ՀՀ առողջապահության նախարարի 25.02.2015 թվականի թիվ 383-Ա հրամանով «Ռ. և Պ. ՍԿԷՆԱՌ» առողջության վերականգնողական կենտրոն ՍՊ ընկերության լիցենզիան կասեցվել է:

Դատարանը հաստատված համարեց նաև, որ պատասխանողը ծառայությունների մատուցման պայմանագրի կետերում սահմանված իր պարտավորությունները չի կատարել, մասնավորապես, պատասխանողն իրավունք չուներ բուժել հայցվորին «ՍԿԵՆԱՌ» սարքավորման միջոցով, քանի որ «այդ սարքավորումը նախատեսված չէ բժշկական ընդհանուր պրակտիկա իրականացնող կաբինետի սարքավորումների և բժշկական գործիքների պարտադիր պահանջի մեջ»: