Տեսանյութեր և հոդվածներ

Սյունիքի մարզպետի մահափորձի գործով մեղադրյալի առողջական վիճակը լավ չէ

  • 00:25, 25.07.2015
img

Սյունիքի մարզպետի մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի առողջական վիճակը լավ չէ, սակայն նրանք միջնորդություն չեն ներկայացնում վերջինիս «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը:

Փաստաբանն ասաց, որ իրենք պահանջել էին մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, սակայն թե նախաքննական մարմինը, թե դատախազը մերժել էին տրամարդել: Այժմ այդ որոշումը բողոքարկել են դատարանում, հուլիսի 30-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կկայանա առաջին նիստը: «Պատճառաբանությունը հետեւյալն է, դեռ նոր է սկսվել նախաքննությունը եւ ապացույցների հավաքման փուլում է, այժմ դրանք նպատակահարմար չէ տրամադրել: Օրենսդրությամբ սահմանված է, որ ապացույցները ձեռք են բերում, հետո մեղադրանք առաջադրում, բայց մեզ մոտ հակառակն է, մեղադրանքը առաջադրում են, հետո ապացույցները ձեռք բերում»,-ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ խափանման միջոց կալանքը չփոխելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո իրենք կդիմեն Վճռաբեկ դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: