Տեսանյութեր և հոդվածներ

«Լիսկայի» մահափորձի գործով մեղադրյալներից մեկը «ալիբի» ունի

  • 11:51 05/08/2015
img

«Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում րոպեի ճշգրտությամբ պարզվել և հիմնավորվել է դեպքի օրը Գարեն Աթաջանյանի այլուրեքությունը (ալիբին)»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նշենք, որ Գարեն Աթաջանյանը «Լիսկայի» դեմ մահափորձի գործով կալանքի տակ գտնվող 4 մեղադրյալներից մեկն է: Նրան մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):

Փաստաբանի տեղեկացմամբ, մասնավոր հարցման են ենթարկվել գործի ելքով չշահագրգռված տասից ավելի անձինք: Այնուհետև միջնորդություն է ներկայացվել հարցաքննելու նշված անձանց և պարզել Աթաջանյանի «ալիբին»:

Միջնորդությունը, փաստաբանի խոսքով, բավարարվել է, և քննչական մարմինը պարտավորվել է հարցաքննել նրանց:

«Բացի այդ, եթե հիշում եք, մենք հիմնավոր կեպով ներկայացրել էինք, որ Աթաջանյանը չի ճանաչել և չի ճանաչում Արա Բուդաղյանին և Վիտալի Մինասյանին, ուստի միջնորդություն էր ներկայացվել պարզելու այդ հանգամանքը: Այդ միջնորդությունը նույնպես բավարարվել է, սակայն առ այսօր տեղյակ չենք, թե այդ կապակցությամբ ինչ է ձենարկել քննչական մարմինը», -փոխանցեց փաստաբանը:

Աթաջանյանի պաշտպանական կողմի ձեռնարկած մյուս քայլով միջնորդություն և բողոքներ է ներկայացվել գործը քննող ԱԱԾ քննչական վարչությանը և գլխավոր դատախազություն` տրամադրելու Գարեն Աթաջանյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը, որոնք սակայն մերժվել են:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ստացված մերժումների դեմ ինքը բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ նիստը կկայանա այսօր:

«Ակնկալում ենք դրական արդյունքներ», -փոխանցեց Հովհաննիսյանը: