Տեսանյութեր և հոդվածներ

Լիսկայի դեմ մահափորձի գործով նախաքննության ուղղությունը կփոխվի՞

  • 21 Հոկտեմբերի 2015, 15:55
img

Հոկտեմբերի 24-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, և նախաքննական մարմինը, ամենայն հավանականությամբ, կմիջնորդի հերթական անգամ երկարաձգել կալանքի ժամկետները:

Yerkir.am-ին կալանավորվածներից Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, բոյկոտելու են և պաշտպանյալի հետ չեն ներկայանալու կալանքի ժամկետի երկարաձգման քննարկմանը:

Նշենք, որ այս գործով ստացվել է համալիր դատահետքաբանական, դատաքրեագիտական, դատաքիմիական փորձաքննության եզրակացությունը, որը պետք է տար այն հարցերի պատասխանները, թե կոնկրետ ո՞ր ուղղությամբ են եղել կրակոցները, որտե՞ղ է գտնվել կրակողը և այլն:

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ համալիր փորձաքննության արդյունքներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան հարցերի պատասխաններ տալիս, այդ իսկ պատճառով իրենք միջնորդել են լրացուցիչ համալիր փորձաքննություն նշանակել՝ դատաբժշկական փորձագետների ներգրավմամբ:

«Ի զարմանս մեզ՝ նախաքննական մարմինը բավարարել է մեր միջնորդությունը և փորձագետներին առաջադրել 20 հարց, որոնց պատասխանները նախորդ փորձաքննության և, առհասարակ, նախաքննության ընթացքում չեն տրվել»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ գործը քննող քննչական խմբում ընդգրկված 15 քննիչներից ոչ մեկը որոշ ակնառու հանգամանքների ուշադրություն չէր դարձրել: «Այսինքն` եթե մենք միջնորդություն չներկայացնեինք, գուցե փորձաքննություն չնշանակվեր, և գործը մտներ դատարան»,- ասաց նա և ընդգծեց, որ ստացված եզրակացությունը հնարավոր է փոխի նախաքննության ուղղությունը:

Փաստաբանի խոսքով՝ արդեն երկու ամիս է` իր պաշտպանյալի տեսակցությունների վրա արգելանք է դրված, սակայն իրենք անիմաստ են համարում միջնորդել` վերացնել արգելանքը, քանի որ պատասխանն արդեն գիտեն:

Yerkir.am-ի հետ զրույցում այս գործով կալանավորված Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտնեց, որ սպասում են այս գործով Վճռաբեկ դատարանին ուղղված բողոքների պատասխանին: Խոսքը վերաբերում է Արա Բուդաղյանի կալանավորման, նրա՝ կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումներին: Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես` Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս): Իսկ 2013-ի հունիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից մահացած Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ):