Տեսանյութեր և հոդվածներ

Խախտվում է օտարերկրացու ազատ տեղաշարժվելու իրավունքը. Վահան Հովհաննիսյան

  • 04/21/2017 17:43
img

Ազգությամբ ռուս Ուկրաինայի քաղաքացին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, սակայն խափանման միջոցի բացակայության պայմաններում նրան թույլ չեն տալիս լքել Հայաստանի սահմանները: Այս մասին «Փաստինֆո»-ին պատմեց միջազգային հետախուզման մեջ գտնվող Ալեքսեյ Բալաշովի պաշտպան, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Մարտի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող, ազգությամբ ռուս Ուկրաինայի քաղաքացի Ալեքսեյ Բալաշովը: Դատախազության միջնորդությամբ դատարանը նրան ժամանակավորապես կալանավորել է:

Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ որոշումը Վերաքննիչ դատարան, որը նորանշանակ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, պաշտպան Հովհաննիսյանի գնահատմամբ, օբյեկտիվ քննություն է կատարել. առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է և Ա.Բալաշովն ազատ է արձակվել:

Պաշտպանական կողմը, մասնավորապես, ներկայացրել է Վերաքննիչ դատարանին, որ գործի նյութերում առկա չէ Արաբական Միացյալ Էմիրությունների համապատասխան որոշումը կալանավորման մասին: Բացի այդ, հոդվածը, որով Բալաշովը հետախուզվում է, Հայաստանի օրենսդրությամբ չի համարվում հանցագործություն:

Գործի հանգամանքները հետևյալն են՝ Բալաշովը տասն օրով մեկնել է Դուբայ, վարձակալել է ավտոմեքենա, վարել ինն օր: Դրանից հետո ավտոմեքենան ու բանալին թողել է հյուրանոցի ռեսեփշընում, մեկնել Ուկրաինա: Առաջացած անհարթությունների պատճառով ավտոմեքենան հյուրանոց ուշ է վերադարձել, որի հետևանքով գոյացել է մոտ 100 հազար դրամի չափով պարտք:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ էմիրաթյան հոդվածն ըստ էության ինչ-որ չափով համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածին, սակայն ամեն դեպքում էլի հանցակազմ չկա:

«Անգամ եթե ստացվեին արտահանձնման վերաբերյալ փաստաթղթերը, մենք չպետք է իրեն հանձնեինք: Բայց նման պայմաններում առաջին ատյանը բավարարեց միջնորդությունը, իսկ Վերաքննիչը բեկանեց որոշումն ու իրեն ազատ արձակեցին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Ազատ արձակվելուց հետո Բալաշովը մինչև այժմ գտնվում է ՀՀ-ում: Թեև ԱՄԷ-ի կողմից հետախուզումը վերացված չէ, չէր էլ կարող վերացվել, սակայն Բալաշովի նկատմամբ Հայաստանի սահմանները լքելու որևէ արգելանք չկա:

«Առկա է Վերաքննիչ դատարանի բեկանման մասին որոշումը, նա խափանման միջոց չունի, որևէ դատավարական փաստաթուղթ, որ նրան արգելվում է լքել ՀՀ-ն, չկա, այսինքն՝ ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված չէ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ օտարերկրացին այստեղ գտնվում է շատ վատ վիճակում՝ ոչ ապրելու տեղ ունի, ոչ սնունդ: Այդ պատճառով պաշտպանական կողմը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստանից մեկնելու թույլտվություն խնդրելով:

Դիմումի պատասխան օրեր շարունակ չի ստացվել, այդ պատճառով որոշվել է գնալ օդանավակայան ու այնտեղից Բալաշովին ճանապարհել իր երկիր: Օդանավակայանում ինքնաթիռի տոմս են գնել, Բալաշովը փորձել է սահմանը հատել, սակայն սահմանապահ ծառայությունն այսօր գիշերը նրան ձերբակալել է, մոտ ժամուկես ապօրինի պահել արգելանքի տակ: «Հետո եկավ ոստիկանությունը, նրան տարան ոստիկանության բաժանմունք, մենք ներկայացրեցինք ամբողջ իրավիճակը, թեև առաջին պահից գիտեին, որ անձի նկատմամբ արդեն խափանման միջոցը վերացված է, սակայն ժամուկես ապօրինի մնաց արգելանքի տակ»,- ասաց պաշտպանը:

Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ամենահետաքրքիրն այն է, որ իր պաշտպանյալի թռիչքից ընդամենը մեկ ժամ անց համանման պայմաններում անարգել թռիչք է կատարել ավելի ծանր հոդվածով միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացին, ՌԴ քաղաքացին ազատ լքում է ՀՀ-ն և մեկնում Ռուսաստան:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, իրենք խնդրել են սահմանապահ ծառայությանը բացատրել, թե ինչ իրավական հիմնավորմամբ Ուկրաինայի քաղաքացին չի կարողանում լքել ՀՀ սահմանները, իսկ Ռուսաստանի քաղաքացուն համար կանաչ ճանապարհ է: «Մեզ բացատրում են, որ իրենց դեսպանատունը քաղաքական աստառ է հաղորդել գործին, դրա համար իրենք ստիպված բաց են թողել, այսինքն՝ ըստ էության իրենց ասելով կրկին անօրինական, բայց այլ հնար չունենալով բաց են թողել: Իսկ մեր պաշտպանյալի ելքը սահմանափակված է, քանի որ իրենց դեսպանատունը թույլ է գործում, համախատասխան նոտաներ, բողոքներ չի հղում, չի ազդում մեր ԱԳՆ կամ գլխավոր դատախազության վրա»:

Ի պատասխան մեկնաբանություն է հնչում՝ ըստ իրենց համակարգիչների, անձը գտնվում է կարմիր քարտով միջազգային ինտերպոլային հետախուզման մեջ:

«Բացատրում ենք, որ հետախուզման նպատակն անձին հայտնաբերելու ու իրավապահ մարմիններին հանձնումն է, այլ ոչ թե անձի ելքը սահմանափակելը: Տվյալ դեպքում հետախուզման գործառույթն իրացվել է, քանի որ անձն արդեն իսկ հայտնաբերվել է, հանձնվել է իրավասու մարմիններին, քննվել է իր հարցը, և անձն ազատ է արձակվել»,- ասաց Վահան Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ իրենց հարցին՝ որքա՞ն անձը պետք է մնա Հայաստանում, եթե ԱՄԷ-ից էքստրադիցիայի պահանջը չի գալիս, որևէ մեկը չի կարողանում այդ հարցի պատասխանը տալ:

Վահան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ այսօր իրենք համապատասխան բողոքներ են ուղարկել ԱԱԾ, Սահմանապահ զորքերի հրամանատարին և Գլխավոր դատախազություն և խնդրել բացատրել, թե ի՞նչ հիմքով են ՀՀ-ում երկակի ստանդարտներ գործում. «նմանատիպ պայմաններում գտնվող ՌԴ քաղաքացին կարող է անարգել հատել ՀՀ սահմանը, ընդ որում, մեր պաշտպանյալի ներկայությամբ, որը խիստ վրդովեցուցիչ է, իսկ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացին չի կարողանում հատել սահմանը»:

Բացի այդ, պաշտպանը նշեց, որ կա ևս մեկ նախադեպ. 2016թ. օգոստոսի 31-ին ևս մեկ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը նմանատիպ հետախուզման պայմաններում անարգել հատել է ՀՀ սահմանները:

«Կարծում ենք, որ ՀՀ-ն այսօր գտնվում է Ռուսաստանի Դաշնությունից ինչ-որ կախվածության՝ արտաքին դիվանագիտական, թե այլ կախվածության մեջ, և բացարձակ հնարավորություն չունի սահմանափակել հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացու ելքը ՀՀ-ից, ինչը չի կարելի ասել մեր պաշտպանյալի մասին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: